ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն (ԱՄՆ ՄԶԳ) Ջաթինդեր Չիմային:
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի արդյունավետ համագործակցության եւ այս քսան տարիների ընթացքում իրականացված կարեւոր ծրագրերի համար: Արմեն Գեւորգյանը նշեց, որ ՀՀ կառավարության գերակայություններից մեկն էլ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերի զարգացումն է, եւ այս համատեքստում կարեւորեց ՀՀ ՏԿ նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը:
Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին` Համայնքերի վարկավորման հայեցակարգի մշակման գործընթացում ՀՀ կառավարությանն աջակցելու համար: Ընդգծվեց Գյուղատնտեսութայն զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ քննարկվող համայքների ջրամատակարարման բարելավման ծրագրի կարեւորությունը, քանի որ այն իրականացվելու է այն համայնքներում, որոնց ջրամատակարարումը համայնքներն իրականացնում են սեփական ուժերով:
Ըստ Ջաթինդեր Չիմայի` ապակենտրոնացման խրախուսումը ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկն է: Կարեւորելով համայնքների կարողությունների հզորացումը` երկուստեք վստահություն հայտնվեց, որ համայնքների խոշորացումը կարող է նպաստել այդ նպատակի իրագործմանը եւ պատրաստակամություն հայտնվեց համագործակցել այդ ուղղությամբ:
ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց նաեւ համայնքների հզորացմանն ուղղված ՀՀ ՏԿ նախարարության կողմից իրականացված օրենսդրական նախաձեռնությունները, հաղորդում է կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը: