«2009 թ. Հայաստանում երկու դատական գործ է հարուցվել երկրի ներսում մանկական թրաֆիկինգի գործով: Դրանցից մեկը վերաբերում էր անչափահաս աղջկա սեռական շահագործմանը, իսկ երկրորդը`մուրացկանության պարտադրելուն», – մայիսի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության կենտրոնի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավաբան Դավիթ Թումասյանը: Նա ընդգծել է, որ հանցագործության մեջ մեղադրվողները դատապարտվել են 7 և 7.5 տարի ազատազրկման: Իսկ անցյալ տարի թրաֆիկինգի զոհ է դարձել 60 մարդ:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մասնակցում է թրաֆիկինգին վերաբերող բոլոր կլոր սեղաններին և քննարկումներին: ԵԱՀԿ թրաֆիկինգի դեմ պայքարի հանձնաժողովում մեր ներկայացուցիչն ունենք», – ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային ծրագրերի և ժողովրդավարացման ծրագրերի գծով պատասխանատու Օվսաննա Բաբայանը: Նա նաև նշել է, որ թրաֆիկինգի դեմ պայքարի գործում միջազգային կառույցների գործողություններն ավելի արդյունավետ են, և շատ պետություններ համագործակցում են նրանց հետ:
Դավիթ Թումասյանը նշել է, որ թրաֆիկինգի համար առավել խոցելի շերտերը, հիմնականում, անապահով ընտանիքների կանայք և երեխաներն են, միայնակ մայրերն ու որբ երեխաները:
Հաճախ թրաֆիկինգի են ենթարկվում նաև հատուկ դպրոցների աշակերտները: Սակայն վերջին տարիներին Հայաստանն արդեն պատրաստ է թրաֆիկինգի դեմ պայքար մղելու, ասել է Թումասյանը:
Թրաֆիկինգի դեմ ամենահուսալի պաշտպանությունը տեղեկացվածությունն է և պատրաստվածությունը: Այդ պատճառով, որևէ երկիր աշխատելու համար մեկնելուց առաջ պետք է լինել շատ ուշադիր, քանի որ բանվորական շահագործման մակարդակը տարեց տարի ողջ աշխարհում ավելի ու ավելի աճում է, գտնում են փորձագետները:
Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է ԱՊՀ բոլոր երկրների հետ, իսկ 2009 թ. համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄԷ-ի հետ: