AM
6 May 2010 - 12:12 AMT

ՀՀ կառավարությունը շուրջ 32 մլն դրամ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ: Հատկացված միջոցները կուղղվեն գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը:

Առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը: