AM
6 May 2010 - 12:31 AMT

Սիսիանի տարածաշրջանում գործարկվեց ջրերի արտադրության գործարան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սիսիանի տարածաշրջանի Դարբաս համայնքի Շամբ գյուղում մասնակցեց ջրերի արտադրության եւ շշալցման գործարանի բացման արարողությանը: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում համայնքում շահագործման կհանձնվի նաեւ պահածոների գործարանը, եւ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե ներքին շուկայում արտադրանքի իրացման եւ թե արտահանման վերաբերյալ: Գործարանները կառուցվել ու ժամանակակից սարքավորումներով հագեցվել են մասնավոր ներդրողների` ծագումով դարբասցի մոսկվաբնակ Ստեփանյան եղբայրների միջոցներով: Ընդհանուր առմամբ կատարվել է 5,5 մլն եվրոյի ներդրում:

Ա. Գեւորգյանը ողջունեց ներդրումների իրականացումը հեռավոր մարզերում, ինչը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը, ստեղծում աշխատատեղեր, լուծում բերքի իրացման խնդիրը:

Փոխվարչապետը ներկա գտնվեց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման արարողությանը, որի կառուցումը մեկնարկել էր 2007-ին: Եկեղեցին ևս կառուցվել է Ստեփանյան եղբայրների աջակցությամբ: Համայնքում նաեւ ավարտին են մոտենում Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախի ազատագրական պայքարում զոհվածների հիշատակին նվիրված թանգարանի շինարարական աշխատանքները, որը նաեւ ծառայելու է որպես մշակույթի տուն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: