Անկախ նրանից, որ տարին այնքան էլ հաջող մեկնարկ չունեցավ «Արմավիայի» համար, այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողը մտադիր է 2010 թվականին ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավելացնել ուղևորահոսքը: Այդ մասին մայիսի 7-ին լարգրողներին է հայտնել ավիաընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: «Նոր երթուղիները կավելացնեն ուղևորների հոսքը, այսինքն մենք կկարողանանք ավելի մեծ թվով մարդկանց սպասարկել, ինչին կնպաստի նաև երկրորդ տերմինալի բացումը»,-ասել է նա:
Այս առնչությամբ Մ.Բաղդասարովը նշել է, որ իրավիճակը բարելավվում է, և հույս կա, որ ընկերությունը կփակի տարին լավ ցուցանիշներով: Հույս կա նաև, որ վառելիքի արժեքն, որն այսօր կազմում է 978 դոլար մեկ տոննայի համար, առաջիկայում կնվազի:
Նոր տերմինալի կառուցումը կավարտվի 2010 թվականին ,որի հարևանությամբ կկառուցվի նաև եռահարկ ստորգետնյա կայանատեղի 800 ավտոմեքենայի համար: Երկհարկանի տերմինալի արժեքը շուրջ 173 մլն դոլար է: Ենթադրվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանա տարեկան ընդունել շուրջ 3,2 մլն ուղևոր` այժմյան 1,8-2 մլն դիմաց: