AM
11 May 2010 - 11:39 AMT

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գաղտնիքը վերամշակող արդյունաբերությունն է

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գաղտնիքը վերամշակող արդյունաբերությունն է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանըմայիսի 11-ին ՀՀ Արտաշատի մարզում «Արտֆուդ» ընկերության նոր արտադրամասի շնորհանդեսի ժամանակ: Ընդ որում, նա նշել է, որ ընկերության ներդրումն արդյունաբերության վերամշակող ճյուղում կխթանի երկրի գյուղատնտեսության զարգացումը: «Արտֆուդ» ընկերության գործունեությունը կարևոր դերակատարություն ունի գյուղատնտեսության զարգացման գործում, քանի որ գաղտնիք չէ, որ այն առաջատար է այդ ոլորտում»,-ասել է նա:

Վարչապետը նաև հավելել է, որ ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, կառավարությանը կից օպերատիվ շտաբը ճիշտ քայլ կատարեց ճգնաժամի պայմաններում` հավանություն տալով ներդրումային ծրագրին: «Վստահ եմ, որ մեր սպառողը առաջիկա տարիներին կգնահատի այն ներդրումները, որ արվել են, և արդյունքում, մենք կունենանք որակյալ արտադրանք, որը կբավարարի ներքին շուկայի պահանջարկը»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀ Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը հավելել է, որ գործարանն այդ համարձակ քայլին դիմեց ճգնաժամի պայմաններում: «Եղան կասկածներ` կկարողանա արդյո՞ք ընկերությունը կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ այսօր գործարկվեց նոր հոսքագիծը, որը մեծ մրցունակային հատկություններ ունի»,-ասել է նա:

«Արտաշատի պահածոների գործարանը» հիմնվել է 1961 թվականին: «Արտֆուդ» ընկերությունն արտադրում է բանջարեղենի և մրգի պահածոներ, տոմատի մածուկ` ասեպտիկ տեխնոլոգիայով: Նոր հոսքագծի գործարկման համար («Ամարե» հյութեր) ներդրվել է շուրջ 2,2 մլն եվրո: