AM
14 May 2010 - 13:09 AMT

Երևանում կայացած Բռեյն-ռինգ ֆինանսատնտեսական խաղի արդյունքում հաղթել է Գյումրիի թիմը

Մայիսի 14-ին Երևանում բոլոր մարզերի աշակերտների մասնակցությամբ կայացած Բռեյն-ռինգ ֆինանսատնտեսական խաղի արդյունքում հաղթել է Գյումրիի թիվ 15 դպրոցի թիմը : Երկրորդ տեղն է նվաճել Էջմիածնի Ներսիսյան հոգևոր ճեմարանի թիմը, իսկ երրորդը` Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցը: Հաղթողներին հանձնվեցին ՀՀ Կենտրոնական բանկի արծաթե մետաղադրամներ:

Ինչպես հայտնել է «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ամենամյա մրցությունն անց է կացվում արդեն 15 տարի շարունակ: «Մեր կազմակերպությունը իր գործունեության 20 տարում հասավ նրան, որ հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում ներառվեց 4 նոր առարկա` էկոնոմիկա, քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, պետություն և իրավունք, որոնք հետագայում միավորվեցին մեկ` հասարակագիտություն առարկայում: Բացի այդ, մեր աջակցությամբ վերապատրաստվեցին շուրջ 3000 ուսուցիչներ, որոնցից 60-ը` ԱՄՆ-ում»,-ասել է նա:

Իր հերթին, ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանն ասել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Բռեյն-ռինգի խաղերն անցնում են ԿԲ աջակցությամբ: «Միջոցառումն ուղղված է դպրոցականների գիտելիքների խթանմանը էկոնոմիկայի ու ֆինանսների ոլորտում»,-հավելել է նա: