«Լեզուն մեզ համար ոչ միայն շփման միջոց է, այլ նաև կենսափիլիոփայություն, քանի որ այն ձևավորում է մարդու մտածելակերպը»,- հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մայիսի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դպրոցում ուսանելու առաջին տարիները պետք է ընթանան մայրենի լեզվով, իսկ եթե հետագայում երեխաները ցանկանան օտար լեզվով խորացնել իրենց գիտելիքները կոնկրետ մասնագիտության մեջ, ապա դա հնարավոր է անել ավագ դպրոցներում:
«Իսկ Հայաստանի պատմությունը, եկեղեցու պատմությունը, գրականությունը երեխաները պետք է ուսումնասիրեն մայրենի լեզվով, ինչն անհնար կլինի օտարալեզու դպրոցներում սովորելու դեպքում»,- ընդգծել է Վիրաբյանը: Նա նշեց նաև, որ դպրոցը ձևավորում է լեզվամտածողություն և փոխում երեխայի պատկերացումն իր երկրի մասին: Նա նշեց, որ օտարալեզու դպրոցներ կան նաև Հայաստանի հարևան երկրներում, սակայն դրանք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար. «Վրաստանում ես չեմ տեսել ոչ մի վրացի երեխա, որը սովորեր ռուսական դպրոցում»:
Սակայն, «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով այդ դպրոցները ոչ միայն չեն խանգարի մայրենի լեզվի և երկրի պատմության ուսումնասիրմանը, այլ նաև կօգնեն երեխաներին լինել ավելի զարգացած, կընդլայնեն նրանց աշխարհայացքը, կօգնեն ուսումնասիրել նաև այն երկրի մշակույթը, որը ներկայացնում է տվյալ դպրոցը: «Եվ պետք չէ մտածել չափազանց արմատական, ես կարծում եմ, որ եթե Հայաստանում չբացվեն օտարալեզու դպրոցներ, ապա մեծ ողբերգություն չի լինի, բայց նաև աղետ չի լինի, եթե դրանք բացվեն: Օտար լեզվի օգնությամբ մենք կարող ենք լուծել ավելի շատ խնդիրներ» ,- ասել է Խոսրով Հարությունյանը:
Նրա հետ չհամաձայնվեց ճարտարապետ, Հայկական ճարտարապետության ուսումնասիրման կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, որը կարծում է, որ հայ երեխաներն օտար լեզուն դիտարկում են որպես արտասահման գնալու դռան բանալի, և օտարալեզու դպրոցների բացումն այդ բանալին կտա նրանց և կապահովի արտագաղթի նոր ալիք: