AM
20 May 2010 - 13:21 AMT

Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը կհանգեցնի հայոց լեզվի «վերացման», գտնում են Սարդարապատ շարժման ակտիվիստները

«Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը հայերին կզատի վերնախավի և ռամիկների, քանի որ դպրոցները լինելու են վճարովի և անվճար, իսկ վճարել կարող են միայն հարուստ հայերը, այսինքն` վերնախավը», – հայտարարել է «Սարդարապատ» շարժման ակտիվիստ Հայկ Բալանյանը` մայիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում օտարալեզու դպրոցների ստեղծումը կհանգեցնի հայոց լեզվի «վերացման», իսկ օտար լեզուները կդառնան բարձրագույն կրթության ցուցանիշ; «Այդպիսով, վերնախավի ներկայացուցիչները իրենց երեխաներին կհեռացնեն հասարակ քաղաքացիների երեխաներից»: Նրանք կարծում են նաև, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխման դեպքում հայերենը կմնա միայն խոսակցական լեզու, իսկ պետական լեզու կդառնան ռուսերենը, անգլերենն ու ֆրանսերենը, ինչպես աֆրիկյան երկրներում:

Շարժման մեկ այլ ակտիվիստի` Ռուբեն Թառուշյանի խոսքերի համաձայն, Հայաստանում բացվելու են միայն ռուսական դպրոցներ, հետևաբար կվարվի հայերի ռուսականացման քաղաքականություն, ինչպես խորհրդային տարիներին:

Ակտիվիստներն ընդգծել են նաև, որ օտարալեզու դպրոցները հայերի` որպես ազգ ոչնչացման պատճառ կդառնան, ինչպես դա եղել է տարբեր երկրների, օրինակ` Լեհաստանի հայկական համայնքների հետ: Այնտեղ հայկական դպրոցները փակելուց հետո, հայ տարագիրները կորցրին ազգային ինքնությունը և ձուլվեցին տեղի ժողովրդին:

Շարժման ակտիվիստների խոսքերի համաձայն, առաջին հերթին պետք է բարձրացնել հայկական դպրոցների կրթական մակարդակը, քանի որ հայկական դպրոցների ավերակված համակարգի վրա օտար դպրոցներ ստեղծելը ծնողներին կստիպի երեխաներին օատարալեզու դպրոցներում ընդունել: