AM
24 May 2010 - 10:56 AMT

ՀՀ ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` համատեղ ֆինանսավորմամբ հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցություն (ՀՎԲՕՏԱ) իրականացնելու նպատակով:

Կարևորելով համատեղ գործակցության հեռանկարը` Հայաստանի հարկային վարչարարության, հարկային եկամուտների աճի արդյունավետության և համապատասխան գործընթացների բարելավման ուղղությամբ, ՊԵԿ նախագահն ընդգծել է դրանք առավել գործնական դարձնելու անհրաժեշտությունը:

Հուշագրի նպատակն է` հզորացնել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցության» ծրագրի միջև ռազմավարական համագործակցությունը` նախատեսված հարկային վարչարարության նոր մոդելի գործարկմանն օժանդակելու համար, որը շեշտադրում է մասնավոր հատվածի զարգացման կարևորությունը և հարկ վճարողների հետ տարվող աշխատանքի անհրաժեշտությունը` խրախուսելու նրանց կամավոր կարգապահությունը:

Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցությունը, նպատակ ունի իրականացնել երեք հիմնական, թիրախային միջոցառումներ. բարելավել հարկային վարչարարության արդյունավետությունը հարկային ստուգումներում, կատարելագործել ԱԱՀ-ի վերադարձի համակարգը և բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը` հարկային վարչարարության շեշտադրումը պարտադիր կարգապահությունից տեղափոխելով կարգապահության օժանդակության դաշտ, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը: