AM
25 May 2010 - 11:54 AMT

Նախկին Երիտասարդության պալատի տեղում կառուցվելիք շենքը Արարատն է հիշեցնում

«Երբ ես սկսեցի աշխատել մրցույթի համար, ես սկսեցի մատծել, թե ինչպիսին է Երևանի ճարտարապետությունը, չէ որ այն ներառում է ոչ միայն շենքերը, այլ նաև հողը, բնությունը, մշակույթը: Իմ շենքի կառուցվածքն այնպիսին է, կարծես այն գրկում է այս քաղաքը: Դա այն զգացողությունն էր, որն առաջացավ ինձ մոտ, երբ ես պատկերացրեցի Երևանը»,-ասել է «Ինտերկոնտինենտալ» բազմաֆունկցիոնալ համալիրի համար հայտարարված Միջազգային բաց ճարտարապետական մրցույթի հաղթող Կիյոկազու Արային:

Նա նշել է նաև, որ շենքի ընդհանուր հայեցակարգը մշակելուց հետո միայն` սկսեց մտածել մանրամասների մասին: Համալիրն ընդգրկում է 72-հարկանի հյուրանոց, 90-մետրանոց բնակելի համալիր և գործարար կենտրոն:

«Բնակարանների և սենյակների պատուհանների 95 տոկոսն այնպես է տեղադրված, որ տեսանելի լինի Արարատը»,-ասել է Arai Architects ընկերության տնօրեն Կիյոկազու Արային` հավելելով, որ բուն համալիրը ևս իր երկու գագաթներով հիշեցնում է բիբլիական լեռը:

Համալիրում նախատեսված է նաև հրապարակ, որը կմիավորի համալիրի բոլոր մասերը, մի քանի այգի և հարթակ երևանցիների այցելությունների համար: Շինանյութի վերաբերյալ հեղինակն ասաց, որ շինարարության ժամանակ հնարավոր կլինի օգտագործել ավանդական հայկական քարը: «Սակայն, միևնույն ժամանակ ես կցանկանայի տեսնել նաև մետաղից պատրաստված դետալներ»,-ասել է նա:

Մրցույթի հաղթողն ընդգծեց նաև, որ այժմ բանակցություններ են ընթանում նյութերի ընտրության շուրջ, որպեսզի ընտրվեն բնապահպանական տեսակետից նվազագույն վնաս հասցնող նյութեր:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` ճարտարապետը նշել է, որ ինքը տեսել Երիտասարդության շենքը լողավազանի հետ, և հավելել է, որ նոր համալիրի նախագծման համար օգտագործել է նրա հիմքն ու երևանցիների կողմից սիրված լողավազանը:

Կիյոկազու Արային ծնվել է Ճապոնիայում, ճարտարապետություն է ուսանել ԱՄՆ-ում: Նա չորս ճապոնական համալսարանների պրոֆեսոր է, Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում կառուցված շենքերի հեղինակ, ինչպես նաև է Arai Architects ընկերության տնօրենն է: