«Երևանի քաղաքապետարանի հետ խաղաղ բանակցությունների ժամանակն ավարտվում է և շուտով կգա արմատական գործողությունների ժամանակը»,- հայտարարել է «Մենք ենք այս քաղաքի տերերը» շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մայիսի 25-ին Երևանի ուսանողական այգում անօրինական շինարարության թեմայով ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ:
«Մենք մինչև վերջ կգնանք և դրա համար մեր ուժերը կբավականացնեն»,- ընդգծել է շարժման ակտիվիստ Վահրամ Սողոմոնյանը, ավելացնելով, որ հիմա աշխատանք է տարվում հայցերի փաթեթ նախապատրաստելու համար, որպեսզի դիմեն դատարան: «Ամենայն հավանականությամբ դա կլինի կոլեկտիվ հայց այս գործում շահագրգռված բոլոր մարդկանց անունից` գրադարանի ընթերցողների, ուսանողների և հասարակ քաղաքացիների` ուղղված քաղաքապետարանի դեմ»,- նշել է նա:
Նրա խոսքերով, միաժամանակ մի քանի գործողություններ են կատարելու. բնակչության և մտավորականության հարցում, ինչպես նաև մի քանի արմատական գործողություններ, որոնք նրանք չեն պարզաբանել:
2010-ի մայիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շարժման ակտիվիստների կողմից ուղղված բաց նամակի վերաբերյալ նրանք նշեցին, որ սպասում են պատասխանի օրենքով սահմանված ժամկետում, ավելացնելով, որ այդ նամակը կրել է նաև տեղեկատվական բնույթ, քանի որ դրանում 19670 երևանցիների ստորագրություններն են ուսանողական այգում սրճարան կառուցելու դեմ:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հասարակությունն ունի իր կարծիքը»,- ասել է Վահրամ Սողոմոնյանն, ավելացնելով, որ բնակչության կարծիքն աստիճանաբար փոխվում է, հատկապես նրանից հետո, երբ հասարակությունը տեսավ իր ազդեցության հետևանքներն այլ հարցերի վրա, ինչպիսին, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու հարցն է: