AM
27 May 2010 - 10:48 AMT

«Յունիբանկը» թողարկել է նոր ժամկետային ավանդ` համալրման հնարավորությամբ

Մայիսի 27-ից «Յունիբանկ» ՓԲԸ-ը կընդունի նոր ժամկետային ավանդ` համալրման հնարավորությամբ: «Համալրվող» ավանդ ներդրած ավանդատուներին ընձեռվում է ավանդի գումարի համալրման հնարավորություն, բացառությամբ ավանդի ժամկետի վերջին երեք ամիսներին: Ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում կատարված համալրումների հանրագումարը չի կարող լինել ավելի, քան ավանդի սկզբնապես ներդրված գումարի կրկնապատիկը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Համալրվող» ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11 տոկոս` գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում և 7 տոկոս տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ և UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ: «Համալրվող» ավանդ ներդրած հաճախորդներին ընձեռվում է նաև ավանդի գրավով օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90 տոկոսի չափով: 2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Յունիբանկը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգում կրկին առաջատարի դիրքում է: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը` ֆիզիկական անձանց ավանդներն են: