AM
28 May 2010 - 10:23 AMT

Հայաստանի ՏՄՊՊՀ-ն չունի տնտեսվարող սուբյեկտին ապրանքային նշաններից հրաժարվելու պարտավորեցման լիազորություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության նկատմամբ` ձկան պահածոների արտադրության և իրացման ոլորտում հնարավոր անբարեխիղճ մրցակցության երևույթների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, «Նահապետ և Կ» ընկերության դիմումների հիման վրա հարուցված 2 վարույթներից մեկը Հանձնաժողովն այսօր դադարեցրել է, մյուսը` կարճել:

Դիմումներից մեկով Հայաստանում ֆրանսիական «Սավերգլասս» ընկերության արտոնագրային հավատարմատար «Նահապետ և Կ.» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով, խնդրելով ձեռնարկել «ՄԱՊ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության վարքագիծը վերացնելու միջոցներ: Դիմումում նշվել է, որ «Սավերգլասսը», լինելով հեղուկների, խմիչքների բարձրորակ շշերի խոշորագույն արտադրող և հանդիսանալով այդ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը, ստեղծել և արտադրում է շշերի մի քանի տեսակ, որոնք որպես մտավոր սեփականության օբյեկտ գրանցվել և իրավական պաշտպանություն են ստացել Ֆրանսիայում և Եվրամիության մի շարք երկրներում: Նշել է, որ «ՄԱՊ»-ը «Սավերգլասսից» գնել է կոնյակի մի քանի տեսակի շշեր, իսկ հետագայում ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում իր անունով գրանցել դրանք: Խնդրել են պարտավորեցնել «ՄԱՊ»-ին` դադարեցնել անբարեխիղճ մրցակցության վարքագիծը և հրաժարվել «Սավերգլասսին» պատկանող` շփոթության աստիճանի նման շշերի ապրանքային նշանների գրանցումներից: Ուսումնասիրելով, վարույթի արդյունքները, Հանձնաժողովը դադարեցրեց այն, քանի որ Հանձնաժողովը չունի որևէ տնտեսվարող սուբյեկտի իր անունով գրանցված ապրանքային նշաններից հրաժարվելուն պարտավորեցնելու լիազորություններ:

Մյուս դիմումով, «Շոկոլադեֆաբրիկեն Լինդտ ընդ Սփրունգլի Էյ Ջի» ընկերության լիազոր ներկայացուցիչ «Նահապետ և Կ.» ընկերությունը հայտնել էր, որ Երևանի որոշ առևտրի կետերում իրացվում է «Լինդ Լինդոր» անվանումով շոկոլադների հավաքածու, որի տուփը մակնշված է շվեյցարական ընկերությանը պատկանող ապրանքային նշաններով և հնարավոր է`անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Ավելի ուշ, ընկերությունը հրաժարվել է իր դիմումից, և վարույթը կարճվել է: