Մայիսի 30-ին Արխանգելսկի «Տալագի» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ «Արմավիա» ավիաընկերության Երևան-Արխանգելսկ-Երևան նոր չվերթի բացման պաշտոնական արարողությունը: «Հայաստնի ներկայացուցչական պատվիրակության ժամանումն Արխանգելսկ ոչ թե լոկ նոր չվերթի բացում է, այլ նաև նոր օդային կամուրջ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև»,-մայիսի 30-ին Արխանգելսկում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` շնորհակալություն հայտնելով քաղաքի իշխանություններին ջերմ ընդունելության համար:
Ըստ նրա, նոր երթուղին ևս մեկ լծակ է ստեղծում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ողջ համակարգի զարգացման համար` մասնավորապես, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն են հատկացնում տարածաշրջանային զարգացմանն ու համագործակցությանը: «Այդ մասին է վկայում նաև այն, որ հայկական պատվիրակության կազմում է նաև Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, և մենք մտադիր ենք ամուր կապեր հաստատել բոլոր ոլորտներում»,-ասել է դեսպանը:
Ըստ Օելգ Եսայանի, Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արխանգելսկի մարզի համար, քանի որ մարզում կա բավական մեծ հայ համայնք, ինչն անհրաժեշտ է դարձնում առավել հաճախակի շփումները: Մեծ ներուժ կա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գնալով գրավում է առավել մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը:
Իր հերթին ՌԴ Արխանգելսկի մարզի արդյունաբերության, տրանսպորտի ու կապի նախարար Էռնեստ Բելոկորովինը նշել է, որ Երևանի և Արխանգելսկի միջև բանակցությունների առարկա կարող է դառնալ հետագա համագործակցությունը տվյալ չվերթի շրջանակներում, քանի որ այն կարող է հետագայում միացնել Արխանգելսկը ՄԱԷ-ի հետ:
«Երևանն այսօր տարանցիկ քաղաք է, այն միացնում Հյուսիսը Հարավի և Արևելքն Արևմուտքի հետ»,-հայտարարել է «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Ըստ նրա, Հայաստանի մայրաքաղաքի աշխարհագրական դիրքն արդեն իսկ թույլ է տալիս ուղևորներին տեղափոխել Արխանգելսկից Երևան, իսկ Երևանից Դուբայ, Դելի, Անթալիա, Թունիս, Շարմ էլ Շեյխ և այլ հարավային քաղաքներ և հանգստավայրեր, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց հանգիստը: Բացի այդ, ըստ նրա, տարանցիկ չվերթի օրինակ կարող է ծառայել ավիաընկերության չվերթը Ռուսաստան Թբիլիսիի տարածքով, վերջերս բացված չվերթը դեպի Դելի ևս տարանցիկ կդառնա` դեպի Արևմուտք: «Հյուսիսի բնակիչները ձգտում են հարավ, քանի որ արևի պակաս են զգում, իսկ Հայաստանում շատ են արևային օրերը և այս չվերթը միանգամայն շահավետ կլինի»,-ասել է նա; Մ.Բաղդասարովը հայտնել է նաև, որ հայկական պատվիրակության հետ Արխանգելսկ են ժամանել նաև զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Արխանգելսկի մարզի տուրօպերատորների հետ միասին համագործակցության ուղիներ կորոնեն: «Սկզբում չվերթը կկատարվի երկու շաբաթը մեկ անգամ, հետո ամեն շաբաթ, իսկ հետագայում` շաբաթը երկու անգամ, քանի որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները համապատասխան կապեր հաստատեն, մշակեն մարքեթինգային քաղաքականություն»,-ասել է ընկերության ղեկավարը:
Երևան-Արխանգելսկ_Երևան չվերթի շոնրհանդեսից հետո տեղի ունեցավ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իլյա Միխալչուկի հանդիպումը ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ` երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման շրջանակներում հայկական ու ռուսական կողմերը ներկայացրեցին համագործակցության հեռանկարները:
Հայկական պատվիրակության կազմում էին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Սանքտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Վարդան Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, ՀՀ թռիչքային անվտանգության և քաղավիացիայի վարչության պետ Գագիկ Գալստյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը, զբոսաշրջային ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: