AM
31 May 2010 - 12:40 AMT

Կառավարությունը ներկայացրել է իր նոր կայքը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված կառավարության թարմացված www.gov.am եւ նոր www.e-gov.am կայքերի ներկայացմանը: Իր խոսքում Դավիթ Սարգսյանը նշել է, որ երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք եւ հաջորդը` առավելագույն թափանցիկություն: Կայքում նորամուծություն է նաեւ տեսանյութերի բաժինը, որտեղ ոչ բոլոր մամլո հաղորդագորություններին կից տեղադրված են տեսանյութեր:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը ընդգծել է, որ արդեն կայքը հնարավորություն ունի ցուցադրել ՙՀրապարակում՚ հաղորդաշարը, որը մինչ այդ տեղադրվում էր www.youtube.com-ում որոշակի կրճատումներոով: Կայքն այսուհետ հնարավորություն կընձեռի բաժանորդագրված այցելուներին ստանալ նաեւ մյուս բաժինների թարմացումները: Տեղեկատվական կենտրոն բաժնում զետեղված է ՙՄամուլը մեր մասին՚ ենթաբաժինը:

Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաեւ www.e-gov.am կայքը, որտեղ փորձ է արվել մեկ կայքում ներկայացնել կառավարության էլեկտրոնային ծառայությունները: www.e-gov.am կայքում տեղադրված է ՙԻնտերակտիվ բյուջե՚ ենթաբաժինը, որտեղ ներկայացված է բյուջեի ծախսերը:

«Սա առաջին քայլն է. մենք չենք հավակնում ասել, որ կայքն ամբողջական է եւ բոլոր հարցերի պատասխանները կտա, այդ իսկ պատճառով աշխատանքներ են տարվում` գոյություն ունեցող էլեկտրոնային ծառայությունները մեկտեղելու ուղղությամբ»,- հայտնել է Դ. Սարգսյանն ու հավելել, որ առաջիկա ամիսներին ևս կայքը նոր լրացումներով կթարմացվի: