AM
7 June 2010 - 16:47 AMT

Համաձայնագիր է կնքվել Կոտայքի մարզի եւ Իտալիայի Միլանի նահանգի միջեւ

ՀՀ Կոտայքի մարզի եւ Իտալիայի Միլանի նահանգի միջեւ ՀՀ կառավարությունում այսօր ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը, որով նախատեսվում է համագործակցություն տնտեսության, հումանիտար ոլորտներում, ստորագրեցին Կոտաքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեին:

Միլանի նահանգային խորհրդի պատվիրակությանն ընդունեց նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ողջունելով հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ` ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է ապակենտրոնացված մակարդակով Իտալիայի հետ առավել խորացված համագործակցությամբ: Անդրադառնալով Կոտայքի մարզի եւ Միլանի նահանգի միջեւ գործակցությանը` Ա. Գեւորգյանը հեռանկարային համարեց նաեւ զբոսաշրջության ոլորտը, իսկ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման իտալական մոդելը օգտակար եւ ուսանելի` Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար:

Բրունո Դապեին տպավորիչ եւ կարեւոր գնահատեց իրենց այցելությունը` նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված են Միլանի նահանգային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եւ Հայաստան այցելելու գաղափարը խորհրդում ընդունվել է միաձայն: Անցած երկու օրերի ընթացքում պատվիրակությունը հասցրել է ծանոթանալ Կոտայքի մարզի հնարավորություններին, արդեն նախանշվել են ծրագրեր, որոնք մտադիր են կյանքի կոչել: Ներկայացնելով Միլանի նահանգի տնտեսական հնարավորությունները` Բ. Դապեին այն համարեց Իտալիայի ամանազարգացած նահանգներից, որը հայտնի է իր արդյունաբերական ներուժով: Հայաստանի հետ գործակցությունը եւ Հայաստան մուտքը կարեւորվեց նաեւ այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորության տեսակետից: Նշվեց, որ Հայաստանի հետ ամուր կապերի ստեղծմանը նպաստում է նաեւ հայ համայնքի առկայությունը, որը նշանակալի ներգրավվածություն ունի նահանգի կյանում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: