AM
11 June 2010 - 13:46 AMT

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է “Մուբադալա” ընկերության ներկայացուցիչներին

Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի Էմիրության կառավարությանը պատկանող, համաշխարհային ճանաչում ունեցող, ներդրումային խոշորագույն «Մուբադալա» ընկերության ներկայացուցիչներին` գործարարության զարգացման կառավարիչ Բադեր Սալիմ Սուլթան Ալ Ուլամանին, ով պատասխանատու է բոլոր ոլորտներում ներդրումների իրականացման համար, և ծրագրերի ֆինանսավորման գլխավոր կառավարիչ Մանսուր Մուհամադ Ալ Մոլանին:

Ողջունելով ընկերության ներկայացուցիչներին` նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց Հայաստանում ներդրումների հնարավորությունները, մասնավորապես Զվարթնոց օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու, միջուկային բժշկության, տուրիզմի և այլ բնագավառներում իրականացվող ծրագրերը:

Կողմերը պայմանավորվեցին քննարկել երկուստեք համագործակցության հետագա հնարավորությունները և տեղեկատվություն փոխանակել առկա ծրագրերի շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը :