AM
18 June 2010 - 11:55 AMT

Էդվարդ Թորոմանյան: Հայաստանում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 40.000 մարդ

«Շաքարային դիաբետը համարվում է 20-21-րդ դարի ամենածանր հիվանդություններից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Արմենիա» հանրապետական էնդոկրինոլոգիական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:

Էնդոկրինոլոգի խոսքերով, հիվանդությունը արագ տեմպերով առաջ է գնում: «Ըստ վիճակագրության 2001թ-ին ամբողջ աշխարհում կար 100 մլն հիվանդ, ըստ մասնագետների 2020թ-ին այդ թիվը կհասնի 300 մլն-ի: Այսօր տարբերում ենք երիտասարդների (20-30 տարեկան) և մեծահասակների դիաբետ: Հիվանդության նախապայմաններից են գիրությունը, արյան բարձր ճնշումը, սակավ ֆիզիկական աշխատանքը և այլն»,- նշել է Թորոմանյանը:

Նա հավելեց, որ 3 տարի առաջ ՄԱԿ-ը ընդունել է հռչակագիր ուղղված բոլոր պետություններին, ըստ որի կառավարությունները ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնեն նման հիվանդներին, և առաջին հերթին դա պետք է արտահայտվի ինսուլինի տրամադրման մեջ: «Պետությունը պարտավոր է տալ հիվանդին իր դեղերի համապատասխան չափաբաժինը անվճար»,- հայտարարել է «Արմենիա» կենտրոնի ղեկավարը: