AM
23 June 2010 - 13:36 AMT

Գեղարքունիքի համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին ՀՀ փոխվարչապետին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին ընդունեց Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները: Աստղաձորցիները փոխվարչապետին իրենց մտահոգությունները հայտնեցին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի առնչությամբ, որով նախատեսվում է պետական հատվածի հողերի ընդգրկում համայնքների վարչական սահմաններում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, համայնքի բնակիչների կողմից ներկայումս այդ հատվածներում վարձակալվող հողատարածքներն ընդգրկվում են այլ համայնքի վարչական սահմանում, ինչը հետագայում հողօգտագործման առումով խնդիրներ կարող է առաջացնել:

Արմեն Գևորգյանը պարզաբանեց, որ գործընթացով փաստացի հողօգտագործումը շարունակելու քաղաքացիների հնարավորությունները պահպանվում են, և փաստացի հողօգտագործողների իրավունքները որևէ կերպ չեն սահմանափակվում` անկախ նրանից` հողը որ համայնքի վարչական տարածքում է ընդգրկվում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս շատ դեպքերում քաղաքացիները հողերն օգտագործում են առանց իրավական ձևակերպումների: Հողօգտագործողները հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով պետության հետ կնքել վարձակալության երկարաժամկետ պայմանագրեր` 25 տարով, անհրաժեշտության դեպքում` ավելի երկար ժամկետով:

«5 մարզերում, որոնց վերաբերյալ արդեն ընդունվել են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները, պետական հատվածի հողերն առաջիկա 10 տարիներին շարունակելու են ունենալ պետական կարգավիճակ, և առանց պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու` համայնքի ղեկավարը չի կարող դրանք տնօրինել»,- ասվում է հաղորդագրության մեջ: