AM
29 June 2010 - 10:45 AMT

Հայտնի դարձան Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի հաղթողները

Այսօր հայտնի դարձան Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի մրցույթի հաղթողները: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ մրցանակների հանձման արարողությունը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ այլ երկրների հեռուստալրագրության ոլորտի մասնագետներ` Հայաստանից Լիլիկ Ստեփանյան, Ռուսաստանից Յուրի Սկվարցով, Մոլդովայից Դրյումա Լումինիցա:

Մրցանակաբաշխության ժամանակ շնորհավորական խոսքով հանդես եկավ Դրյումա Լումինիցան և շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգում մասնակիցները ներկայացրել էին հեղինակային կարճամետրաժ ֆիլմեր «Երևանը մեր աչքերով» խորագրի ներքո: Ժուրիի որոշմամբ ոսկե մեդալի արժանացան Ռուսաստանը ներկայացնող Կսենյա Ֆրիկն ու Ալեքսանդր Արտեևը:

Արծաթե մեդալին արժանացան Հայաստանը ներկայացնող Ռուզաննա Սաֆարյանը և Դավիթ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալը շնորհվեց Մոլդովայի ներկայացուցիչներ Բարբա Ռուկսանդային և Օստու Ռադուին:

Երիտասարդական թեմայի զարգացման համար պատվոգրեր շնորհվեցին նաև Մերի Միքայելյանին և Սեդրակ Խաչատրյանին:

Կազմակերպիչները, նշեցին հուլիսի 1-ին կկազմակերպվի միջոցառում, որտեղ կմասնակցեն բոլոր անվանակարգերը ներկայացնող մասնակիցները, և կհայտարարվի առաջնութան այս տարվա ավարտի մասին:

ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ երիտասարդական բաց առաջնությունը, այս տարի առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ 10 երկրներից, ինչպես նաև Վրաստանից և Բալթյան երկրներից: Խաղերի նպատակն է նպաստել ԱՊՀ տարածքում մշակութային ընդհանուր դաշտի ձևավորմանը` մշակույթի, արվեստի, կրթության ոլորտում տարբեր ազգերի երիտասարդների ստողծագործական շփմանն ու համագործակցության ստեղծմանը: Մասնակիցներն ուժերը չափում են 19 անվանակարգերում: