2010թ. հուլիսի 7-ին Լոռու մարզի, Վանաձոր քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն 40 գործատուներ, այդ թվում` 2-ը Սպիտակից, 2-ը Ալավերդուց, 3-ը Ստեփանավանից, 1-ը Տաշիրից և 32-ը Վանաձորից: Տոնավաճառին ընդհանուր թվով կներկայացվեն շուրջ 577 առկա և 132 սպասվող թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 3000-ը:
Տոնավաճառի նպատակն է առաջարկել. աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող բազմաթիվ գործատուների հետ, տեղեկանալ մասնագիտական ուսուցման հնարավորությունների մասին և ծանոթանալ ընդհանրապես գործազուրկների համար իրականացվող զբաղվածության պետական ծրագրերին, գործատուներին` ընտրել համապատասխան հմտություններով թեկնածուներ առկա և հետագա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվում գովազդելու իրենց ընկերությունը, որպես աշխատանքի ցանկալի վայր:
2010թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Լոռու մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13.2 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ (14.0հազ. մարդ) նվազել է 6.0%-ով, գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թվաքանակը կազմում է 11.3 հազ. մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ (11.5 հազ. մարդ) աճել է 1.6%-ով:
2010թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում մարզում գրանցված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 2506 անձ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.3%-ով: Մարզային և տարածքյաին կենտրոններում հաշվառված անձանցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 2062-ը, որը համեմատելի ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.8 %-ով:
Լոռու մարզում գործազրկության մակարդակը կազմում է 11.2%:
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները և այլն: