AM
13 July 2010 - 07:13 AMT

Գյուղատնտեսական խնդիրների լուծմանը համալիր մոտեցում է հարկավոր

Գյուղատնտեսական խնդիրների լուծմանը համալիր մոտեցում է հարկավոր, առաջին հերթին հարկավոր է գյուղից սկսել: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին է ասել Գերասիմ Ալավերդյանը Երևանում մեկնարկած «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» թեմայով աշխատանքային սեմինարի ժամանակ: Ըստ նրա, գյուղական համայնքներում հարկավոր է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, որտեղ պետք է զբաղվեն ոչ միայն գյուղմթերքի աճեցմամբ, այլ նաև վերամշակմամբ, ինչպես նաև պետք է լինեն մշակութային ու զվարճանքի վայրեր, մանկապարտեզներ:

Գյուղատնտեսության երկրորդ կարևոր ուղղությունն, ըստ նախարարի, սերմնաբուծության զարգացումն է, մեքենատրակտորային կայանների ստեղծումը, տոհմային անասնաբուծության զարգացումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս կապակցությամբ նախարարն ասել է, որ մեկ շաբաթից աշխատանքային խումբը կմեկնի ՌԴ Ստավրոպոլի մարզ, որտեղ բանակցություններ կընթանան ցորենի էլիտար տեսակների ձեռքբերման շուրջ: Հաջորդ տարի Հայաստանը ՌԴ-ից կգնի 1000 տոննա ցորենի էլիտար տեսակներ, ևս 500 տոննա ձեռք կբերվի տեղի արտադրողներից, այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք կտարվի, որպեսզի առաջիկա երեք տարում Հայաստանում զարգանա սերմնաբուծությունը»,-հավելել է Գերասիմ Ալավերդյանը:

ՀՀ կառավարությունը հուլիսի 8-ի նիստում որոշել է 558 մլն դրամ հատկացնել պետբյուջեից գյուղատնտեսության նախարարությանը օտար և տեղի արտադրողներից ցորենի էլիտար տեսակների ձեռք բերման համար: Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 2014 թվականն ավելացնել ցանքատարածությունները` հասցնելով դրանք 115-120 հազար հեկտարի: Արդյունքում երկրի ապահովվածությունը սեփական ցորենով 37-ից կհասնի 55 տոկոսի: Պետությունն առաջին անգամ է զգալի գումար հատկացնում սերմնաբուծության նպատակով` ակնկալելով, որ առաջիկայում հնարավոր կլինի երկրում արտադրել շուրջ 3 հազար տոննա սերմ: Դա արդեն 3-4 տարուց կապահովի զորենի սերմի պահանջարկը: