Հայաստանյան հարկային համակարգը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, դարձել է Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության (Intra-European Organisation of Tax Administrations-IOTA) լիիրավ անդամ: Որոշումը կայացվել է կազմակերպության` հուլիսի 9-ին Բրյուսելում անցկացված 14-րդ ընդհանուր համագումարում:
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանի տվյալներով, Հայաստանի հարկային ծառայության անդամակցության հայտը ներկայացվել է այս ամռանը և ստացել անդամների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Մինչ գաղտնի քվեարկությունը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին երկու տարվա ընթացքում ՊԵԿ համակարգում իրականացված լայնածավալ բարեփոխումները և առաջիկա անելիքները: Գագիկ Խաչատրյանը մասնավորապես ընդգծել է հարկային ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը:
ՀՀ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային վարչարարության բարեփոխումները համակարգի առաջնահերթ նպատակներից են, ինչն արտացոլված է եռամյա ռազմավարական ծրագրում և նախատեսում է մի շարք խնդիրների իրականացում, մասնավորապես` առանց լրացուցիչ հարկերի գործարկման և դրույքաչափերի բարձրացման պետության կարիքների համար անհրաժեշտ հարկային եկամուտների ապահովում` գործարար միջավայրի բարելավման և հավասար մրցակցային պայմանների ստեղծման ճանապարհով, հարկային բեռի վերաբաշխում` խոշոր բիզնեսի արժանահավատ, ամբողջական և ժամանակին հարկումն ապահովելու և միաժամանակ փոքր բիզնեսի նկատմամբ մեղմ հարկային վարչարարություն կիրառելու միջոցով, հարկային պարտավորությունների կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի հետագա ներդրում, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում` էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջոցով, հարկային հսկողությունում ռիսկերի կառավարման համակարգի ներդրում:
IOTA-ն հարկային վարչարարության հարցերում միջազգային համագործակցության ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպություններից է, որն ընդգրկում է եվրոպական տարածաշրջանի 44 պետությունների հարկային մարմիններ, այդ թվում` Արևմտյան և Արևելյան Եվրոպայի պետությունների բացարձակ մեծամասնությունը, ԱՊՀ եվրոպական մասի բոլոր երկրները, հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: