AM
14 July 2010 - 13:48 AMT

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում ներկայացվել է տեսչական բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, զեկուցվել է 2010 թ. հունվար-հունիս ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործողությունների և արդյունքների մասին:

Քննարկվել է պետական վերահսկողության մասին օրենքի նախագծի տարբերակը: Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին:

Խորհուրդը հաստատել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կազմը: Որոշ դիտողություններով ու ձևակերպումների վերանայումներով հանդերձ հաստատվել է նաև խորհրդի աշխատակարգը:

Ի գիտություն են ընդունվել պետական հրդեհային տեսչությունում ռիսկի վրա հիմնված համակարգի ներդրման ծրագրի ու տեսչական բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման ծրագրի վերաբերյալ զեկույցները, հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: