«Ճարպակալման խնդիրը Հայաստանում շատ սուր է կանգնած, քանի որ այն հանգեցնում է սրտի հիվանդությունների, որոնց մահացությունը կազմում է մեր երկրում գրանցված մահացության դեպքերի ընդհանուր քանակի 60 տոկոսը»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հուլիսի 26-ին կայացած մամլո ասուլիսում:
Նա նշեց, որ բուլիմիայից տառապում են բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, և դա հիմնականում հոգեբանական խնդիր է:
«Աղջիկները հաճախ մխիթարանք են որոնում սննդի մեջ, երբ նրանց մերժում է հասարակությունը, խնդիրներ են առաջանում դպրոցում կամ ընտանիքում: Այնուհետև վրա է հասնում մեղքի զգացողությունը, թե ինչու նրանք այդքան թուլակամ գտնվեցին, որ չկարողացան զսպել իրենց: Եվ այդ զգացողությունը կրկին ստիպում է նրանց ուտել»,-ճնշել է կլինիկական հոգեբան Վիկտորյա Վարյանը:
Ճարպակալման հետ պայքարի ամենապարզ մեթոդներից մեկն, ըստ Վարդանուշ Պետրոսյանի, օրագիր վարելն է, որտեղ կնշվի, թե ինչ է կերել մարդը և ինչ նպատակով: «Այդ օրագիրը թույլ կտա ձեզ հետևել ձեր վարքագծին և հասկանալ, որ իրականում այդ օրը կերած 13 ճաշատեսակներից միայն 3-ն եք դուք օգտագործել սովի հագեցնելու նպատակով: Մյուսները օգտագործվել են կամ իներցիայով, կամ զայրութի ու վիրվորանքի պահին, կամ դուք ուղղակի անցնում էիք սառնարանի մոտով»:
Բժիշկը նկատեց նաև, որ կտրուկ նիհարելը ևս վտանգավոր է օրգանիզմի համար: Ըստ նրա, առանց վնասելու առողջությանը, կարելի է նիհարել ամսական 2-3 կիլոգրամով: Քաշի նման անկում տեղի կունենա ենթամաշկային ճարպի, ոչ թե օրգանիզմում կուտակված հեղուկի հաշվին: «Ճարպակալման դեպքում մարդը իր քաշի 10 տոկոսից ձերբազատվում է ընդամենը 6 ամսում»,-ասել է Վարդանուշ Պետրոսյանը: