AM
26 July 2010 - 10:20 AMT

Խորանում է հայ-ռումինական համագործակցությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:

Մոտ երկու տասնամյակ առաջ հիմնադրված ընկերությունն ունի ավելի քան 700 բարձրակարգ մասնագետներ և լայնածավալ ծրագրեր է իրականացնում աշխարհի 20 երկրներում` մասնավորապես կրթության, առողջապահության, մաքսային, բանկային, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում: Եվ ահա ընկերության նախագահ Իրինա Սոկոլը ցանկություն է հայտնել իրենց փորձը փոխանակել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև համագործակցություն հաստատել ծրագրավորման բնագավառի հայկական ընկերությունների հետ:

Ողջունելով ռումինական պատվիրակությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը կկարողանա արձանագրել լուրջ հաջողություններ:

Ընկերության միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը ներկայացրեց համագործակցության հեռանկարները: Նա ասաց, որ ներկայումս մշակվում են ֆերմերների կամ գյուղացիական տնտեսությունների հաշվառման, գրանցման, հողակտորների տարբերակման, փաստաթղթերի կառավարման, շուկայի կանոնակարգման և գյուղական զարգացման բաղադրիչներ: Գործը պիտի սկսել ծրագրի առանցքից` գյուղացիական տնտեսությունների հաշվառումից և գրանցումից, որոնք ոլորտի ռազմավարության հիմքն են: Այստեղ բոլոր խնդիրների լուծումը միտվում է գյուղացիական տնտեսությունների շահութաբեր գործունեության ապահովմանը: Այնուհետև պարոն Քաստել Թոդորը տեղեկացրեց, որ իրենք մշակել են դրամաշնորհային ծրագրերի իրականացման ուղենիշները, որոշել գյուղացիական տնտեսություններից ստացվող դիմում-խնդրագրերի, պայմանագրերի կնքման, ծրագրերի ներդրման, ֆերմերի և փոխադրամիջոցների ձեռքբերման մեխանիզմները: Այդ ծրագրերի հաջող իրականացման կարևոր երաշխիքներից մեկը մասնագետների և համապատասխան խորհրդատուների նախապատրաստումն է, ինչը կապահովի ծրագրի թափանցիկությունը, բոլոր գյուղացիական տնտեսությունների համար հավասարության հասանելիությունը, դիմումներին ժամանակին պատասխան տալը, կստեղծվի ծախսերի օպտիմալացման հնարավորություն: Այս գործոնների իրականացմամբ գյուղատնտեսությունը կդառնա կանխատեսելի ոլորտ: