Հուլիսի 26-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը և “Rondine Cittadella della Pace” համալսարանական ընկերակցությունը բարի կամքի արձանագրություն են ստորագրել, որը հայ ուսանողներին Իտալիայում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:
Համաձայնագիրը ստորագրել են ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը և «Rondine Cittadella della Pace» համալսարանական ընկերակցության նախագահ Ֆրանկո Բակարին: «Այստեղ տիրող մթնոլորտը համապատասխանում է մեր ընկերակցության նշանաբանին, այն է` օգտագործել երիտասարդության ներուժը, նրանց մշակութային հարստությունը և նրանց երազանքը` հանուն տարածաշրջանում խաղաղության տարածման»,- նշել է Ֆրանկո Բակարին:
Բարի կամքի արձանագրությունը 14 կետից է կազմված և ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքերի համաձայն, մյուս փաստաթղթերից տարբերվում է այն բանով, որ դրանում եղած կետերը ոչ թե իրավաբաններն ու քաղաքական գործիչներն են կազմել, այլ ուսանողները: «Սա իսկապես նոր շունչ ու մտածողության նոր դրսևորում է, քանի որ փաստաթղթում առաջարկվում է աշխարհն ու կյանքը բարելավել: Դրանում հիմնականը կրթությունն է, քանի որ խաղաղություն հաստատվում է ոչ թե զենքի ուժով, այլ մտքի և մշակույթի օգնությամբ», – նշել է Սուրեն Զոլյանը:
Արձանագրության ստորագրման արարողությունից հետո ԵՊԼՀ ռեկտորը Ֆրանկո Բակարիին պարգևատրել է լեզվաբանական համալսարանի 70 ամյակի շքանշանով և նվիրել է հայկական մշակույթի ու ճարտարապետության մասին գրքեր: Սուրեն Զոլյանին էլ, իր հերթին, «Rondine Cittadella della Pace» համալսարանական ընկերակցությունը պարգևատրեց իր խորհրդանիշով`արծաթե ծիծեռնակով: Այդպիսի ոսկե կրծքանշան են ստանում Իտալիայի համալսարանում կրթությունն ավարտած ուսանողները:
Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էին Ինգուշեթիայի, Չեչնիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Լիբանանի, Իսրայելի և այլ հակամարտող երկրների ուսանողները: Նրանք Հայաստան են եկել «Բարեկամության երթուղի» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Կովկասում հաստատել խաղաղություն և բարեկամություն: