AM
28 July 2010 - 08:30 AMT

Հայաստանը վերանայում է «Ծխախոտային արտադրանքի վրա սահմանված վճարների մասին» օրենքը

«Ծխախոտային արտադրանքի վրա սահմանված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստան ներկրվող ողջ ծխախոտային արտադրանքի համար երկրում արտադրվող արտադրանքից տարբեր դրույքներ են սահմանված: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության կարծիքով, Հայաստանը չափազանց բարձր հարկեր է սահմանել ներմուծվող ծխախոտի համար: Ըստ «Ծխախոտային արտադրանքի վրա սահմանված վճարների մասին» ՀՀ օրենքի, իշխանությունները 4750 դրամ են գանձում հայրենական արտադրության 1000 ծխախոտի համար և 6500 դրամ` ներմուծվող ծխախոտի համար:

Կիևը մտադիր է հանգուցալուծել խնդիրը ԱՀԿ մեխանիզմների օգնությամբ, որոնց շնորհիվ Ուկրաինային նախկինում հաջողվեց պաշտպանել իր շահերը Վրաստանում: ԱՀԿ-ում ուկրաինական պատվիրակությունը հուլիսի 20-ին արդեն պաշտոնապես դիմել է ԱՀԿ հայկական պատվիրակությանն ու ԱՀԿ վեճերի կանոնակարգման մարմնին:

Երկու երկրների համար այս վեճի քննությունը առաջինը կլինի ԱՀԿ շրջանակներում: Դա կարող է մի քանի տարի տևել: Եթե Ուկրաինայի պահանջները հիմնավոր համարվեն, ապա Հայաստանին ժամանակ կտրվի խախտումները շտկելու համար: Եթե ՀՀ իշխանությունները հրաժարվեն դա անել, ապա Ուկրաինան կարող է պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ, օրինակ, ավելացնել օտարերկրյա տուրքերը որոշ հայկական ապրանքների համար:

2010 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ֆինանսների նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կքննի Ուկրաինայի մեղադրանքները Հայաստանի հասցեին` ԱՀԿ կանոնների խախտման վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին էին հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությունում, տվյալ պահին հարցը քննարկվում է, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը ժամանակ է պահանջում: Արտադրությունը ֆիքսված վճարների համակարգից տեղափոխել հարկային ռեժիմի ընդհանուր համակարգ` գործող ֆիքսված վճարներից առանձնացնելով ավելացված արժեքի հարկը, մաքսային վճարումները և ակցիզային հարկը, վերջինիս առնչությամբ միասնական դրույք սահմանել երկրում արտադրվող և ներկրվող ծխախոտի համար:

«Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող ուկրաինական ծխախոտային արտադրանքի խտրական հարկային ռեժիմի վերաբերյալ Ուկրաինայի մեղադրանքներին, ապա «Ծխախոտային արտադրանքի վրա սահմանված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստան ներկրվող ողջ ծխախոտային արտադրանքի համար երկրում արտադրվող արտադրանքից տարբեր դրույքներ են սահմանված, անկախ այն բանից, թե որ երկրից է ներկրցում ապրանքը»,-ասել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Հայաստանը պաշտոնապես ԱՀԿ 145-րդ անդամը դարձավ 2003թ. փետրվարի 5-ին: