600 տարի առաջ, 1410թ. հուլիսի 15-ին միացյալ լեհ-լիտվական բանակը ջախջախեց Տևտոնական միաբանության զորքը: Այդ առասպելական հաղթանակը զգալի փոփոխություններ մտցրեց համաեվրոպական և հատկապես սլավոնների պատմության մեջ: Վճռորոշ ճակատամարտը տեղի ունեցավ ժամանակակից Լեհաստանի տարածքում, Գրյունվալդ գյուղի մոտ: Միացյալ լեհ-լիտվական բանակում, լեհերից ու լիտվացիներից բացի, կողքի կողքի մարտնչել են ուկրաինացիներ, բելառուսներ, ռուսներ, չեխեր, հայեր, ինչպես նաև թաթարներ: Ժողովրդների նման ներկայության պատճառով այդ ճակատամարտը կոչում են «ժողովրդների ճակատամարտ»:
Ըստ ավանդույթի, ամեն տարի հուլիսի կեսին Գրյունվալդի ճակատամարտի տեղում անց է կացվում պատմական ռեկոնստրուկցիա` վերականգնվում են պատմական իրադարձությունները, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ողջ Եվրոպայից: Այս տարի հայերը ևս մեկնել են Գրյունվալդր` մասնակցելու համար ճակատամարտի 600-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Հայերն իրենց կենտրոնակայանը տեղակայել են Լեհաստանի և Լիտվայի կենտրոնակայնի տարածքում: Հայերը, որ աչքի էին ընկնում իրենց սպառազինությամբ ու հանդերձանքով, ջերմորեն ողջունվեցին որպես մեծ «ժողովրդների ճակատմարտի» պատմական ներկայացուցիչներ:
«Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց կազմակերպել երկու հայկական ճամբար, մենք նաև հպարտ ենք, որ կարողացանք ներկաներին հասցնել այն ուղերձը, որ հայերը միշտ կարևոր դերակատարություն են ունեցել եվրոպական, հատկապես, լեհական, պատմության մեջ: Հաստատապես հայտնի է պահպանված փաստաթղթերից, որ լեհահայերից բացի, ճակատամարտին մասնակցել են նաև հայեր Կիևից ու այլ ուկրաինական հողերից, որոնք այն ժամանակ Լիտվայի կազմում էին: Միջնադարի հայտնի գերմանացի պատմիչ Մարտին Գրունեվերգը, որը 16-րդ դարում եղել է Կիևում, գրել է. «Նախկինում քաղաքում շուրջ 500 հայ զինվոր է եղել»,-ասել են հայկական ճամբարի կազմակերպիչներ`«Լեհաստանի հայերի մշակութային ժառանգության հիմնադրամի» ղեկավարներ Ռոման Օբրոցկան ու Մոնիկա Ագոպսովիչը: Հայերի ջոկատը գլխավորում էր Ադամ Դոմանասևիչը: Զինվորները կրել են փողպատե զրահ և ասպետական հագուստ Կիլիկիայի հայոց թագավորության գույներով, հաղորդում է Analitika.at.ua-ն: