AM
26 August 2010 - 06:08 AMT

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին Համատիրությունների զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ օգոստոսի 25-ին անցկացվեց խորհրդակցություն` Համատիրությունների զարգացման ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերով: Խորհրդակցությանը հրավիրվել էին համատիրությունների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, համատիրությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փաստաթղթի մշակման ժամանակ աշխատանքային խումբը կհիմնվի ՀԲ-ի փորձագետի առաջարկությունների փաթեթի վրա, ով խորհրդատվության նպատակով անցած տարի ժամանել էր Հայաստան, ուսումնասիրել Երևանում գործող համատիրությունների աշխատանքն ու ձևավորված մոդելը, ինչպես նաև կօգտվի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից այս ոլորտում խնդիրների բացահայտմանն ուղղված իրավիճակային ուսումնասիրություններից: Այդ ուսումնասիրությունները, ինչպես նաև դրանց առնչվող փաստաթղթերը տեղադրված են ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարությունների կայքէջերում: Աշխատանքային խումբը պատրաստ է քննարկել նաև բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու այս բնագավառին վերաբերող ուսումնասիրությունները:

Բացի միջգերատեսչական աշխատանքային խմբից, ստեղծվել է մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի փաստաթղթի մշակման, ըստ ոլորտների քննարկման աշխատանքներով:Նախատեսվում է, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի նախագիծը 6 ամիս հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Փոխվարչապետը հասարակական հատվածի, համատիրությունների ներկայացուցիչներից ակնկալեց աշխատանքներին ակտիվ, կառուցողական մասնակցություն` նշելով, որ ցանկացած իրատեսական առաջարկություն կքննարկվի աշխատանքային խմբի կողմից: Արմեն Գևորգյանը նշեց, որ պետք է գտնել հարցի լուծման պետություն-համատիրություն գործընկերային արդյունավետ մոդել, որը կլինի իրատեսական և կիրառելի:

Հասարակական կազմակերպությունների և համատիրությունների ներկայացուցիչները ողջունելի համարեցին համատիրությունների ոլորտի կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեցին աջակցել աշխատանքներին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: