AM
31 August 2010 - 10:16 AMT

2010-ին Հայաստանում ծխախոտի ցանքատարածքները հասցվել են 500 հեկտարի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի մարզպետների մասնակցությամբ այսօր քննարկվեցին խաղողի մթերման նախապատրաստական ընթացքին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետին ներկայացվեց յուրաքանչյուր մարզում մթերող ձեռնարկությունների հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև խաղողի ակնկալվող բերքի ծավալների մասին տեղեկատվություն: Նշվեց, որ նախորդ տարվա 128 հազ. տոննայի դիմաց այս տարի սպասվում է 134 հազ. տոննա մթերման ենթակա բերք, որի մթերման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շուրջ 35 ընկերությունների հետ:

Մթերման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներից խուսափելու համար Արմեն Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և մարզպետներին հանձնարարեց ևս մեկ անգամ հստակեցնել պայմանավորվածություններում արձանագրված պահանջները` կապված բերքի ծավալների, մթերման ժամկետների և գների հետ: Գյուղատնտեսության նախարարությանն ու մարզպետներին առաջարկվեց նաև մթերող ընկերություններում ներկայացուցիչներ ունենալ` մթերման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու համար:

Քննարկվեցին նաև հացահատիկի աշնանացանի հետ կապված խնդիրներ, մասնավորապես` հանրապետություն որակյալ սերմացուի ներմուծման և դրա բաշխման հետ կապված հարցերը: Գ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զագացման ծրագրի» համաձայն` ներմուծվելիք սերմացուի արդյունավետ օգտագործման նպատակով ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում, և առաջիկա տասն օրվա ընթացքում մարզերում կհստակեցվեն կոնկրետ ցանքատարածքներն ու հատկացվելիք սերմացուի քանակը:

Անդրադարձ եղավ նաև ծխախոտագործության զարգացման խնդիրներին: Նշվեց, որ նախորդ տարվա 300 հա-ի դիմաց այս տարի ծխախոտի ցանքատարածքները հասցվել են 500 հա-ի: Մարզպետները հատկապես կարևորեցին այս ճյուղի զարգացումը` հաշվի առնելով գյուղացիների աճող հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: