Աշխարհի 10 000 համալսարանների վարկանիշում ԵՊՀ-ն զբաղեցնում է 4826-րդ տեղը: Այդ մասին ՀՀ ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սինարիկ Հայրապետյանը: Նրա խոսքերով, Հայաստանը զիջում է Ադրբեջանի (4640-րդ տեղ), Իրանի (617) և Թուրքիայի (30) համալսարաններին: Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի համար դրանք ողբալի տվյալներ են: Այդ առումով նա նշեց, որ նման ցուցանիշների պատճառը համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունն է: Այն բանից հետո, երբ Հայաստանն անկախ երկիր դարձավ, մի շարք գիտնականներ, պրոֆեսորներ դիմեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, առաջարկելով, որպեսզի փորձագիտական մարմինն առանձին գործի վարչատնտեսական մարմնից: «Փորձագիտական մարմինը չի կարող ունենալ վարչատնտեսական գործառույթ»,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ մինչ օրս այդ առաջարկը չի բավարարվել Հայաստանի ներկա իշխանությունների կողմից: «Անհրաժեշտ է գործի դնել ողջ ազգային պոտենցիալը, քանի որ այսօր մեկ համալսարանի գիտական պոտենցիալով անհնար է ապահովել մրցունակ կադրեր»,- նշել է նա:
Իր հերթին, Արտակ Դավթյանը չհամաձայնեց Հայրապետյանի հետ և ասաց, որ ԵՊՀ 4826-րդ տեղը միջին ցուցանիշ է: Միաժամանակ նա սխալ համարեց համեմատել ԵՊՀ-ն այլ երկրների համալսարանների հետ, քանի որ դրանց աշխատանքները տարբերվում են միմյանցից: