AM
7 September 2010 - 09:13 AMT

Հայաստան. Ավագ դպրոցների նպատակն աշակերտների կրթության բացը լրացնելն է

«Ավագ դպրոցի նպատակը 10-րդ դասարանում բոլոր այն բացերը լրացնելն է, որն ունի աշակերտը, և միայն 11-րդ և 12-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը »,- ասաց Մուրադյանը

Ավագ դպրոցը պետք է բացառի կրկնուսույցի դերը, Երևանում մամլո ասուլիսում հայտարարեց «Գալիոթ» ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մուրադյանը: Նրա խոսքերով, հակառակ դեպքում այդ դպորցը պետք է փակվի: Միաժամանակ նա նշել է, որ ավագ դպրոցի նպատակը 10-րդ դասարանում աշակերտների կրթության մեջ առկա բացերը լրացնելն է, և միայն 11-րդ և 12-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը:

Անդրադառնալով Հայաստանում ավագ դպրոցներ բացելու պետական ծրագրին` Մուրադյանն ասաց, որ ցանկացած ծրագիր ժամանակի հետ կատարելագործման կարիք ունի: Միաժամանակ նա նշեց, որ պետական ծրագրից բացի դպրոցը պետք է իր ծրագրում ներառի ինքնուրույն ուսուցման հիմունքները:

Նրա խոսքերով, ավագ դպրոցը պետք է ոչ միայն կամուրջ լինի դպրոցի և բուհի միջև, այլ նաև պետք է լինի աշակերտի մասնագիտական կողնորոշման սկիզբը: Մուրադյանը նշեց, որ «Գալիոթ» ավագ դպրոցի գերակա ուղղություններն են` ֆիզիկական, գեղագիտական և մշակութային դաստիարակությունը, արտասահմանյան գրականության ուսումնասիրումը, ինչպես նաև քաղաքացու դաստիարակությունը: Դպրոցի տնօրենը նաև նշեց, որ «Գալիոթը» մտադիր է հիմնական շեշտը դնել հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցման վրա:

Միաժամանակ նա նշեց, որ ողջ աշխարհում բուհական կրթությունը շարունակում են աշակերտների ընդհանուր թվի 25-30 տոկոսը: Քանի որ հայկական շուկան սահմանափակ հնարավորություններ ունի նրա համար, որպեսզի բարձրագույն կրթություն ստացած մարդիկ կիրառեն իրենց գիտելիքները, «Գալիոթ» դպրոցը փորձում է աշխակերտների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեռսզի նրանք կարողանան շարունակել իրենց կրթությունը թե հայկական, թե արտասահմանյան բուհերում: