AM
8 September 2010 - 11:39 AMT

Բելառուսի պատվիրակությանը ծանոթացել է Տավուշի մարզի արտադրական եւ զբոսաշրջային ներուժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությանը` մարզի գործկոմի նախագահի տեղակալ Օլեգ Մատկեւիչի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ գործարարներ, եղել է Տավուշի մարզում, ծանոթացել մարզի արտադրական, զբոսաշրջային ներուժին: Հայ գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները:

Փոխվարչապետը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ եւ նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թե Բելառուսի, թե ԱՊՀ այլ երկրների հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատմանը, քանի որ մարզերում տնտեսական զարգացման մեծ ներուժ է կուտակված: Զարգացման մեծ հնարավորություններ ունեցող մարզերից է Տավուշը, եւ Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ Տավուշի եւ Վիտեբսկի միջեւ հետագա համագործակցությունը փոխշահավետ կլինի: Օ. Մատկեւիչը այցը համարեց հագեցած եւ արդյունավետ` տեղեկացնելով, որ եղել են մարզի ձեռնարկություններում, նախանշվել են գործակցության ուղղությունները, արձանագրվել է, որ միմյանցից սովորելու շատ բան ունեն: Նշվեց, որ բացի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումից, համագործակցության հնարավորություններ են տեսնում նաեւ հումանիտար ոլորտում, օրինակ` մարզերի բուհերի միջեւ:

Փոխվարչապետը ողջունելի համարեց այդ մտադրությունը եւ վստահեցրեց, որ ՀՀ կառավարության աջակցությունը կլինի համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, հաղորդում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը: