ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ` Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուի հետ ծանոթանալու Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Հայաստանում իրականացված ծրագրերի ընթացքին: Արմավիրի մարզում էին նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Արմավիր քաղաքի հիվանդանոցում հյուրերը ծանոթացան բուժծառայությունների մատուցման, բուժօգնության կազմակերպման գործընթացին: Հիվանդանոցը վերջերս է վերակառուցվել ՀԲ ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ վարկային երկրորդ ծրագրով, վերազինվել անհրաժեշտ բուժսարքավորումներով:
ՀԲ ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ վարկային երկրորդ ծրագրով արդեն շահագործման են հանձնվել Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի հիվանդանոցները, ընթացքի մեջ են Գորիսի, Ապարանի, Արարատի եւ Գավառի հիվանդանոցների վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, մեկնարկել է Գյումրիի հիվանդանոցի շինարարությունը:
Պատվիրակությունն այցելեց նաեւ Արմավիրի մայր ջրանցքի Շենավանի հատված: Ջրանցքը վերանորոգվել է ՀԲ-ի ՙՈռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի՚ շրջանակում եւ շահագործման է հանձնվել այս տարվա գարնանը: ՙՈռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի՚ ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է: Այն, ի դեպ, ՀԲ-ի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ճանաչվել էր լավագույնը եւ որոշվել էր, որ Հայաստան կայցելեն տարբեր երկրների ներկայացուցիչներ` մեր երկրի դրական փորձն իրենց երկրներում կիրառելու նպատակով:
Արմեն Գեւորգյանն ու Ֆիլիպ լը Ուերուն քննարկեցին Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի միջեւ համագործակցության ռազմավարությանը, համագործակցության առկա մակարդակին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի կողմից իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական եւ այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը: Կարեւորեց այդ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:
Ֆիլիպ լը Ուերուն նշեց, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցությունը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին: Նա նկատեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, եւ դրանց իրականացման գործում բարձր գնահատեց ՀՀ կառավարության եւ ՀԲ տեղական թիմի ջանքերը, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը: