AM
9 September 2010 - 13:43 AMT

Հայաստանի կառավարությունը կատարում է իր խոստումնե՞րը

Հայաստանի կառավարության սեպտեմբերի 9-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582 մլն դրամ, նույն այդ պատճառով կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021 մլն դրամ: Կառավարությունը որոշում է ընդունել նաև կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով 2,640 մլրդ դրամ հատկացնել։

Հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով` 751,271 մլն դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ:

Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է ս.թ. մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ «Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ ս.թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ»,- ավելացրել է նա:

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, 2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի սակագները բարձրացել են 37,5 տոկոսով`մեկ խոր/մ-ի համար մինչև 132 դրամ` ներկա 95 դրամի դիմաց: Այն ձեռնարկությունների համար, որոնք մեկ ամսում օգտագործում են մինչև 10 հազ. ք/մ գազ, սակագինը բարձրացել է 13 տոկոսով և ապրիլի 1-ից կազմել 243,13 դոլար` 1000 խ/մ ծախսած գազի համար` գործող 215 դոլար սակագնի փոխարեն:

Հարկ է նշել, որ Գազպրոմը հայտարարել է շուկայական գնագոյացմանն անցնելու մասին Բելառուսիայի, Մոլդովայի և Հայաստանի հետ և 2011 թվականին այդ տարածաշրջանում գազի սակագնի աճ է ակնկալում: