AM
10 September 2010 - 12:48 AMT

Հայաստանի կառավարությունը գյուղացիներին կապահովի անհրաժեշտ տեխնիկայով

Ընթացիկ տարվա յոթ ամիսների տվյալների համաձայն, Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում անկում է գրանցվել, որը պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Դա հանգեցրել է մակրոտնտեսական ցուցանիշների վատացմանը: «Այսօր շատ դժվար է որևէ կանխատեսում անել, թե աշնանացանի ժամանակ ինչ կլիմայական պայմաններ կլինեն: Սակայն կառավարությունը գյուղատնտեսության բնագավառում մեծամասշտաբ բարեփոխումներ է անցկացնում», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ հաստատել է երկրում սերմնաբուծության զարգացման ծրագիրը: «Չնայած որ Ռուսաստանը մասնակիորեն արգելել է հացահատիկի արտահանումը, սակայն մոտակա շաբաթվա ընթացքում մենք կներմուծենք 1000 տոննա բարձրորակ սերմ:

Արդեն ընտրվել են մարզային ընկերություններ, որոնք կարող են զբաղվել սերմնաբուծությամբ: Մենք ծրագրում ենք, որ մոտակա հինգ տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծվի սերմնաբուծության հարցը, որի շնորհիվ էլ 15-20 տոկոսով կբարձրանա ցորենի արտադրողականության մակարդակը», – նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության զարգացման երկրորդ ուղղությունը համարել է պարարտանյութերի արտադրությունը: ՀՀ կառավարությունը հաստատել է օրգանական պարարտանյութերի արտադրման թռիչքային ծրագիրը`օգտագործելով գիտահետազոտական ներուժը: Իրականացվող թռիչքային ծրագրերի և 2009-2010 թթ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում հետազոտություններից ստացած արդյունքների հիման վրա արդեն գրանցված են դրական արդյունքներ: Բացի այս ամենից, Հայաստանի անասունների գլխաքանակն ավելացնելու համար կառավարությունն ամեն տարի արտասահմանից ներմուծում է հատուկ տեսակի կենդանիներ: Մի կողմից դրանք բարձրացնում են անասնաբուծական ընկերությունների արտադրողականությունը, մյուս կողմից`տեղի պայմաններին են հարմարեցնում:

Վարչապետը նաև ասել է, որ Համաշխարհային բանկի աջակցության շնորհիվ ստեղծվել են խորհրդատվական կենտրոններ գյուղացիների համար, բացի այդ վերականգնվում է ոռոգման համակարգը և այլն:

Նա հաղորդել է նաև, որ սեպտեմբերի 9-ին նախարարական հանձնաժողովի նիստի ժամանակ հաստատվել է գյուղատնտեսությանն անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու մասին ծրագիրը: Դրա հետ կապված նա նշել է, որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը կոչված է գուղը զարգացնելու, քանի որ գյուղի համալիր զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համաչափ զարգացման համար: