ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2011թ. հանրապետական մարդահամարի և ընթացիկ տարվա նոյեմբերին փորձնական մարդահամարի կազմակերպչական հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանն ու Նվեր Պողոսյանը, քանի որ փորձնական մարդահամարը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակ գյուղական համայնքներում:
Քննարկվեցին անհրաժեշտ ֆինանսավորման, տարածքների տրամադրման, դաշտային աշխատանքների կազմակերպման հարցեր: Հոկտեմբերի սկզբին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում կանցկացվեն փորձնական մարդահամարի կազմակերպման հետ կապված խորհրդակցություններ: Փոխվարչապետը միջոցառման պատշաճ իրականացման հարցում կարևորեց բնակչության իրազեկվածությունը և կազմակերպիչներին հորդորեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: