AM
29 September 2010 - 10:59 AMT

ՀՀ ԱԺ պատգամավորներին մտահոգում են Հայաստանում աղբահանության բարձր սակագները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ-ում տեղի են ունեցել «Աղբահանության և սանմաքրման խնդիրները Հայաստանում» թեմայով լսումները, որը ներառում է 5 օրինագիծ: Լսումներին մասնակցել են Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը, պատգամավորներ և հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման գծով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը մտահոգություն է հայտնել կառավարության ներկայացրած աղբահանության սակագների վերաբերյալ: «Եթե համեմատենք նվազագույն աշխատավարձերը Եվրոպայում և Հայաստանում, ապա ըստ մեր կառավարության օրենսդրական նախաձեռնության, ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու վճարել երկու անգամ ավելի, քան ցանկացած եվրոպացի»,-ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպայում աղբահանության համար վարձը գանձվում է տնտեսություններից, իսկ Հայաստանում՝ յուրաքանչյուր անձից: Վարձը կազմում է մոտ 1000 դրամ:

Իր հերթին Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ օրինագիծն առաջարկում է վարձատրության 4 տարբերակ՝ ֆիքսված վճար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, բնակարանի քառակուսի մետրի համար, ըստ աղբի քաշի և ծավալի: «Յուրաքանչյուր համայնքը պետք է ինքը որոշի, թե որ տարբերակն է նախընտրում»,-նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի դեպքում գերիշխում է ֆիքսված վարձը յուրաքանչյուր անձի համար: Անդրադառնալով սակագներին՝ Առուստամյանը նշել է, որ օրինագծում նշված է վարձավճարի առավելագույն չափը, դա չի նշանակում, թե յուրաքանչյուրը 1000 դրամ է վճարելու:

«Օրինաց երկրի» խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը ևս մտահոգություն է հայտնել աղբահանության բարձր սակագնի վերաբերյալ: «Ներկա սոցիալական պայմաններում մարդիկ չեն կարող նման գին վճարել աղբահանության համար: Եթե մենք օրենքում որպես առավելագույն նիշ գրանցենք 1000 դրամը, ես վստահ եմ, որ համայնքային իշխանությունները անմիջապես նույն գինը կամրագրեն»,-ասել է Բիշարյանը: Նա նշել է նաև, որ հարկավոր է հստակ սահմանել աղբահանության սակագինը, որը չպետք է գերազանցի 400 դրամը: