Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։
Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։