AM
23 November 2010 - 12:45 AMT

Հինգ տարվա ընթացքում Հայաստանում կստեղծվի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն

Հինգ տարվա ընթացքում Հայաստանում կստեղծվի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն: Այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և բելգիական «IBA molecular» ընկերությունը պայմանագիր են կնքել պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ: Ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Բի» բելգիական բանկի միջև: Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 5 մլն եվրո 11 տարով՝ զրո տոկոսադրույքով եռամյա արտոնյալ ժամկետով արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Սրանով մեկնարկում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը, որտեղ կարտադրվեն իզոտոպներ, որոնք աշխարհում օգտագործվում են ինչպես ուռուցքաբանական, այնպես ել սրտանոթային ու ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար: Ինչպես նշել է «IBA molecular» ընկերության մարքեթինգի ու վաճառքների գծով տնօրեն Պիտեր Լեյթները, նման ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր կլինի նեղ ուղղվածության անհատական բուժում անցկացնել: Նման կենտրոններ կան նաև Թեհրանում, Ստամբուլում ու Մոսկվայում: Ըստ Ներսես Երիցյանի, տարեկան շուրջ 600 ՀՀ քաղաքացիներ մեկնում են արտերկիր ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար: «Մեր հաշվարկներով, բուժումը կենտրոնում մատչելի կլինի՝ ախտորոշումը կարժենա 250 դոլար, իսկ բուժման կուրսը՝ շուրջ 1000 դոլար»,-ասել է նա: Ուռուցքաբանության կենտրոնի շինարարությունը Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա կմեկնարկի 2011թ. մարտին 10 հազար քմ տարածքի վրա, որի կապակցությամբ մրցույթ կհայտարարվի ներդրողների համար: ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի տվյալներով, կենտրոնի ստեղծման արժեքը կազմում է 30 մլն դոլար: Արագացուցչի գործարկումը նախատեսվում է 18 ամսից, սակայն սկզբնական փուլում արագացուցիչը կօգտագործվի միայն հիվանդությունների ախտորոշման համար, հետո՝ բուժման: Ըստ Երիցյանի, ախտորոշման առաջին փուլում իզոտոպների վրա հիմնված ախտորոշումը կկիրառվի Հայաստանի կլինիկաներում, իսկ երկրորդ փուլում՝ Ուռուցքաբանության կենտրոնը կընդունի հիվանդներին: