AM
18 January 2011 - 14:36 AMT

Տարածքային կառավարման նախարարությունում քննարկվեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բյուջեն

Հունվարի 18-ին տեղի ունեցավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ:

Նիստում քննարկվեց և հաստատվեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ եղավ հողի վարձավճարներից համայնքին փոխանցվող գումարների չափին և ՊՈԱԿ-ի հարկային պարտավորությունների կատարմանը:

Ներկայացվեց նաև ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի նախագիծը: Ա. Գևորգյանը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՊՈԱԿ-ին վերանայել այն` առաջարկելով փաստաթուղթը ձևավորել հաշվի առնելով ՊՈԱԿ-ի բազային եկամուտների և իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատմամբ: Առաջարկվեց բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել նաև ինքնակամ շինությունների քանդման համար: Փաստաթղթի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը, հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ իրականացնելու համար, և համոզմունք հայտնվեց, որ դրա արդյունքները հիմք կհանդիսանան ՊՈԱԿ-ի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Առաջարկվեց նաև, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՊՈԱԿ-ը մշակեն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զարգացման ծրագիր` հաշվի առնելով ՊՈԱԿ-ի լիազորություններից բխող վճարովի ծառայությունների տրամադրումը և նոր եկամուտների բացահայտումը: