AM
1 February 2011 - 12:57 AMT

Երևանում կայացավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Փետրվարի 1-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Հայաստանի վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, նա զեկուցել է հաշվետու տարում հիմնադրամի Հայագիտական, Քաղաքական հետազոտությունների, Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական, Հրատարակչական կենտրոնների կողմից և Գործունեության ապահովման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին: Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակումից հետո խորհուրդը հաստատել է հաշվետվությունը:

Կարևորելով հիմնադրամի գործունեության ուղղությունների և գործառույթների հստակեցումը` վարչապետը«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրենին հանձնարարել է հաջորդ նիստում հոգաբարձուների խորհրդին ներկայացնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող ռազմավարական բնույթի ծրագրեր:

Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել «Նորավանք» ԳԿՀ-ի կանոնադրության մեջ` նիստերի անցկացման պարբերականության վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկը: