Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների ընդունելության հատուկ օրեր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 17-ը վարչական շրջանների ղեկավարները կկազմակերպեն բնակիչների ընդունելություն:
Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ամբողջական պատկերի մասով ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Քաղաքապետը հանձնարարել է պատրաստել մրցութային փաստաթղթեր, որպեսզի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի» ընդունումից հետո հայտարարվի օպերատորների մրցույթ: «Ժամանակակից քաղաքը պետք է ունենա բոլորովին այլ տեխնիկա և սպասարկման այլ մակարդակ: Հաջորդ տարվա ձմռանն արդեն մեր աղբահանության, սանմաքրման գործառույթները պետք է կատարվեն բոլորովին այլ մակարդակով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապված հարցերին: Հանձնարարվել է արագացնել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման և ավտոկայանատեղիների գործունեությունն օրինական դաշտ բերելու գործընթացը: Հանձնարարվել է նաև բյուջետային տարվա համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերյալ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: