«Բանակում իրավիճակի բարելավման և խախտումների ու բռնության կանխման համար ՀՀ ԶՈւ-ում անհրաժեշտ է բողոքարկման և մոնիթորինգի համապատասխան մեխանիզմներ ունենալ»,- հայկական բանակում մարդու իրավունքների թեմայով Երևանում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքով, բողոքարկման մեխանիզմը շատ կարևոր է: Նա նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի համագործակցել ՀՀ ՊՆ հետ` ՀՀ ԶՈւ-ում միջադեպերը կանխելու համար: Դեսպան Կապինոսը նկատել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան ներկայացուցչությունը պատրաստ է սատարել ՀՀ պաշտպանության նախարարությանն ու այլ կառույցներին` արդեն գոյություն ունեցող մեխանիզմների, այդ թվում և այլընտրանքային ծառայության մեխանիզմի արդյունավետության բարելավման համար: Նա նշել է, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ԵԱՀԿ անվտանգության գաղափարախոսության մի մասն է, որի համաձայն խաղաղությունն ու կայունությունն ուղղակիորեն կապված են հենց դրա հետ: