AM
22 February 2011 - 10:13 AMT

Սեյրան Օհանյան. Բանակում միջադեպերի մեծ մասը տեղի են ունենում կրթության անբավարար մակարդակ ունեցող մարդկանց պատճառով

«Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումն ուղղակիորեն կապված է հայկական բանակի մարտունակության հետ»,- ասվում է հայկական բանակում մարդու իրավունքների թեմայով Երևանում կայացած կլոր սեղան-քննարկման մասնակիցներին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հղած ուղերձում: Ինչպես նշվում է ուղերձում, հենց այդ պատճառով ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է բանակում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման և կատարելագործման գործընթացին: Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարը կարևոր է համարել բանակի և հասարակության միջև կապերի ամրապնդումը: Նրա խոսքով, ՀՀ ՊՆ-ն ակտիվ աշխատանքներ է վարում բանակում օրենքի խախտումների կանխման և կարգուկանոնի ամրապնդման ուղղությամբ: «Մասնավորապես, ակտիվ համագործակցություն է ձևավորվում զորամասերի հրամանատարության, ռազմական իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև»,- նշել է նա: Սեյրան Օհանյանը նշել է նաև իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների անցկացման կարևորությունը, ինչը կապված է բանակում կրթության որակի բարձրացման հետ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանակում միջադեպերի մեծամասնությունը տեղի են ունենում կրթության բավականաչափ մակարդակ չունեցող մարդկանց պատճառով: