AM
23 February 2011 - 12:04 AMT

Ուկրաինայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում հայկական մշակույթի պահպանմանը

«Պատմությունը վկայում է, որ հայ և ուկրաինական ժողովրդների միջև բարեկամական հարաբերություններ էին հաստատվել արդեն 10-11դդ.և այդ ընթացքում երկու ժողովրդները ոչ մի անգամ չեն պատերազմել»,-ասել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան փետրվարի 23-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցած Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական Հոլոդոմորը)» գրքի շնորհանդեսի ժամանակ: Նա նշել է, որ մտադիր է շարունակել ՀՀ-ում Ուկրաինայի նախորդ դեսպան Ա.Բոժկոյի գործունեությունը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները:

Կուխտան նշել է նաև, որ Ուկրաինայում մեծ հայկական համայնք կա՝ 350 000 մարդ, որոնք ցանկանում են իմանալ իրենց պատմությունն ու պահպանել սովորույթները,: Դեսպանը նշել է, որ Լվովում արդեն վերականգնվել է հայկական եկեղեցին, պետական միջոցներով Ղրիմում վերականգնվել է վանական համալիրը: «Մենք շատ բան ենք անում պահպանելու ու զարգացնելու համար հայկական մշակույթն Ուկրաինայում և վստահ ենք, որ նույնանման քայլեր կկատրվեն ՀՀ կառավարության կողմից»,-ասել է Կուխտան՝ հավելելով, որ ուկրաինական կողմը հուսով է, որ մինչ տարեվերջ Հայաստանում կկանգնեցվի Տարաս Շևչենկոյի հուշարձանը: