Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը մշակել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում անցկացվելիք միջոցառումների ծրագիր։ Ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է աշակերտների կրթադաստիարակչական գործընթացին իրավապահ համակարգի համապատասխան աշխատակիցների ներգրավում։ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ այս ծրագիրն իրականացվում է անչափահասների շրջանում հնարավոր հանցագործությունների կանխարգելման, քաղաքացիական բարձր գիտակցությամբ անհատներ ձևավորելու նպատակով «Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի հայեցակարգի» շրջանակում:
Իրավապահների հետ համագործակցության համատեքստում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը հանդիպումներ է կազմակերպել, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանը, Երևան քաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ա. Խաչատրյանը, նույն բաժնի աշխատակիցներ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների ծնողական համայնքների ներկայացուցիչներ, մանկավարժներ և դպրոցականներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչութան պետ Գ. Սողոմոնյանը կարևորել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ԱԳ բաժնի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում դպրոցականների համար կապահովվի կարգապահ ու անվտանգ միջավայր։ Այն, ըստ վարչության պետի, կնպաստի նաև անչափահասների հնարավոր իրավախախտումների ու հանցագործությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: