AM
14 March 2011 - 08:23 AMT

Ապրիլին կվերաբացվի ռուս զինվորների հերոսությունը մարմնավորող Օշականի հուշահամալիրը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նախօրեին ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Կովալենկոն կարեւորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական հիշողության պահպանման շարունակական ծրագիրը:

Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվել է Ռուսաստանին: 1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծավալվել գեներալ Աֆանասի Կրասովսկու ջոկատի եւ պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջեւ: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զորքի առաջխաղացումը, նախահարձակ եղավ Էջմիածնի ուղղությամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայություն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տվեց:

1833-1834թթ., ի հիշատակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների, կառուցվել էր հուշահամալիր, որը մեր օրերում գտնվում էր անբարեկարգ ու լքյալ վիճակում:

Սա «Պատվի գործ» կազմակերպության` երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված երկրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում գտնվող XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների Պատվո Բլուր գերեզմանատան վերականգնումն էր: Հուշահամալիրը բացվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 20-ին` ռուսական պետության ղեկավարի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Օշականի համալիրը մարմնավորում է ռուս զինվորների անձնուրաց հերոսությունը հայոց հողի վրա: Այն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից է: Վերականգնման բոլոր աշխատանքները կավարտվեն ապրիլին, իսկ բացումը տեղի կունենա նույն ամսին սպասվող հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում, հայտնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնը: